ԱՄՆ-ԵՄ հակասությունների սրման ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմանշանակ հայտարարությամբ է հանդես եկել: «Չինաստա՛ն, բարի գալուստ։ Մի շարք առանցքային ոլորտներում Եվրոպային անհրաժեշտ են ավելի շատ չինական ներդրումներ»,- ասել է նա: Հատկանշական է, որ Չինաստանի հետ մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու պայմանագիր է կնքել նաև Կանադան:               
 

Փորձում են մերժել վերմարդկային իրողությունները և հաստատել մարդածին վարդապետություն

Փորձում  են մերժել վերմարդկային իրողությունները և հաստատել մարդածին վարդապետություն
22.01.2026 | 18:22

Աստվածային և մարդկային իրողությունները խառնվել են իրար նաև մեր անտարբերության պատճառով։ Մեր մշակույթում առաջնայինը միշտ աստվածային իրողություններն են եղել, որոնցից էլ, ըստ ժամանակի ճանաչողության, արտածվում են մարդկային իրողությունները։ Ցավոք, այժմ մեր իշխանությունը փորձում է մերժել վերմարդկային իրողությունները և հաստատել մարդածին վարդապետություն, ինչը շատ խնդրահարույց է հատկապես մեր ինքնության պահպանության ու զարգացման տեսանկյունից: Խոսենք օրինակներով։

Նախ՝ սրբազանների գլխիկոր վիճակը փաստում է, որ նրանք ընտրել են մարդու իշխանությունը և փառքը՝ հրաժարվելով իրենց վիճակի առավելությունից ժամանակավոր վարչապետի պաշտոնի համեմատ: Նրանք ունեին կապելու և արձակելու իշխանություն, բայց մխրճվեցին աշխարհիկ կապանքների մեջ՝ սահմանափակելով իրենց հոգևոր բարձր լիազորությունները, որոնք ստացել էին Նվիրապետական կարգի տնօրինությամբ։ Անվիճելիորեն պախարակելի է Նվիրապետական կարգի ու նրա գահակալի դեմ դուրս գալը, մանավանդ, նրանցից շատերն իրենց ձեռնադրյալ կարգը, ինչպես նաև թեմական առաջնորդությունը ստացել են հենց այդ գահակալի ձեռամբ։

Ավետարանի խոսքերը պետք է հասկանալ այնպես, ինչպես որ է, և ոչ այնպես, ինչպես մենք կամենում ենք: Այս կամայական մեկնության վերջը աղանդն է։ Վերջերս հաճախ է շահարկվում Ավետարանի հետևյալ հատվածը. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես՝ նրանց մեջ (Մատթեոս 18:20)»:

Ինչպես տեսնում ենք, այստեղ չկա եկեղեցի: Բացի այդ, կարծեմ դուք ամենևին Բարձրյալի անունով չեք հավաքվում, նույնիսկ դժվար է ասել, թե ինչի համար եք հավաքվում, և որն է անհրաժեշտությունը կամ պատճառը այդպիսի հրատապության։ Հիմա դուք ամբողջ իշխանությամբ պայքարում եք մեր ինքնության, ստեղծած արժեքների ու խորհրդանշանների դեմ։ Ակնհայտ է, որ այս կեղծ բարեփոխումները չեն արժանանում մեր ազգի մեծամասնության քաջալերանքին, քանզի մարդիկ լավ գիտեն, թե ինչի շնորհիվ ենք գոյատևել մինչև այժմ և շարունակելու ենք հարատևել հետայսու: Չէ՞ որ մեր առաքելությունն է՝ լինել միշտ լույսի հետ ու դեպի Աստված։

Այժմ հարցեր իշխանության առաջին դեմքին՝ որոշ բաներ հիշեցնելու համար: Ո՞ւր կորավ այն օրերի «ժողովրդականությունը», երբ Մերկելի հետ սելֆի էիք անում, իսկ հիմա նույնիսկ եկեղեցի մենակ չեք գնում։ Ասում եք՝ դուրներդ չի գալիս այս քաղաքականությունը, հեղափոխություն արեք: Բայց պարզվում է՝ դո՛ւք եք հեղափոխություն անում և արդարության ձայնն էլ անհիմն մեկուսացնում։ Այս ամենը նաև պետականությանը սպառնացող վտանգ է, քանի որ ընդունված կարգին չենթարկվելը կարող է վատ նախադեպ լինել. միշտ էլ հիսունի դեմ կգտնվի հարյուրը, հազարի դեմ՝ երկու հազարը, և այսպես շարունակ: Իսկ իրականում եկեղեցին կապ չունի այսպիսի ժամանակավոր բաների հետ, այն եղել է, կա և կլինի որպես համայն հայության հոգևոր կենտրոն։ ‎

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 102

Մեկնաբանություններ